«ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ» Iravunk de facto

«ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ»

«Մանկական քաղցկեղը անբուժելի չէ»

«Նանե» պարային համույթը «Դու մենակ չես» բարեգործական ակցիայի շրջանակներում կազմակերպում է համերգներ «Նանե»-ի և «Փոքրիկ Նանեներ»-ի մասնակցությամբ: Տոմսերի վաճառքից և բարեգործական ներդրումներից գոյացած հասույթը տրամադրվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրները թեթևացնելու գործին:

-Մենք խորհրդակցեցինք Հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանի հետ և որոշեցինք, որ ներկայումս ամենակարևորը վերանորոգված, բայց դատարկ հիվանդասենյակները կահավորելն է: Երեխաների համար ստեղծելու ենք հեքիաթային խաղասրահ,-ասում է «Նանե» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, ակցիայի կազմակերպիչ ՆԱՐԻՆԵ ՏՈՊՈԼՅԱՆԸ: -Երբ ակցիայի լուրը տարածվեց, համոզվեցինք, որ ճիշտ ենք ընտրել «Դու մենակ չես» նշանաբանը, մեր ընկերներն ուզում են իրենց որոշակի ներդրումն ունենել այս գործին: Մեր պաշտոնական գործընկերն են «Ազնվուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը, «Անտարես» հոլդինգը և «Արարատ» հետուստաընկերությունը: Երեքն էլ կարիք չունեն գովազդի: Սակայն սա ոչ թե գովազդ է, այլ լավ օրինակ բոլորի համար: Ակցիայի հենց սկզբում արդեն ստացել ենք ֆինանսական աջակցություն մի կազմակերպության կողմից, որը ցանկացել է չհրապարակել իր անունը:

Ծրագրի շրջանականերում նախատեսված է անցկացնել մրցույթ մի քանի անվանակարգերում' լավագույն սոցիալական գովազդ ( տեսահոլովակ, ցուցպաստառ, լուսանկարչական աշխատանք), լավագույն լրագրողական աշխատանք (ակնարկ, հոդված, պատմվածք և այլն):

Ներկայումս հանրապետությունում քաղցկեղով հիվանդ 250 երեխա կա,որոնցից թվով ինը գտնվում են մանկական ուռուցքաբանության բաժանմունքում: Ամեն տարի 80 երեխայի մոտ հայտնաբերվում է քաղցկեղ:

-Պետք է իմանալ նաև, որ մանկական քաղցկեղը անբուժելի չէ,-ասում է Նարինե Տոպոլյանը:- «Դու մենակ չես» ակցիան անսովոր ու հուզիչ է նաև նրանով, որ փոքրիկներն են իրենց մասնակցությունը բերում այս կարևոր գործին: Ուզում ենք, որ փոքրիկ Նանեները մեծանան այն հստակ գիտակցմամբ, որ իրենք մի ընտանիք են, ես նրանց ասում եմ, երբ դժբախտությունը թակում է դուռը' չի հարցնում' ու±մ մոտ է եկել: Կյանքի ճանապարհին հնարավոր է ամեն ինչ' պատերազմ, եղեռն, ահաբեկչություն, հիվանդություն: Նրանք իրենց պարով, իրենց կյանքով պիտի քարոզեն բարություն, խաղաղություն, սեր: Աշխարհին հենց դա է պետք:

-Պատկերացնում եմ ինչ ոգևորությամբ են պարելու մեր փոքրիկները,- ասում է «Նանե» պարային համույթի տնօրեն Անահիտ Բաբայանը:- Երբ դատարկ սենյակները կահավորվեն, մենք նրանց կբացատրենք այսպես' տեսնու±մ եք, դուք պարեցիք և երկնքից ձեր պես փոքրիկների համար այս սենյակում իջավ սեղան, աթոռ, մահճակալ, պահարան:

«Դու մենակ չես» բարեգործական ակցիայի շրջանակներում կազմակերկվող առաջին համերգը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 30-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

«Նանե» պարային համույթը ստեղծվել է 1997թ-ին Նարինե Տոպոլյանի նախաձեռնությամբ: Ավելի ուշ համույթին կից բացվում է, մանկական խորեոգրաֆիկ ստուդիան և հիմնվում «Փոքրիկ Նանեներ» պարային համույթը: Նարինե Տոպոլյանի սաները բազմաոճ, ինքնատիպ համերգային ծրագրերով հանդես են գալիս Հայաստանում և Հայաստանի սահմանններից դուրս' մշտապես արժանննլով բարձրագույն մրցանակների ու «Գրան պրի»- ների:

2005թ. Բեռլինում անցկացված «Տանց Օլիմպ» միջազգային մրցույթում նրանց մասնակցության առիթով ԽՍՀՄ և Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վլադիմիր Վասիլևը նշել է.«Բանն այն չէ, որ նրա սաները ստացան մրցույթի բարձրագույն մրցանակները և դարձան այդ ստուգատեսի ամենասիրված արտիստուհիները: Կարևոր է թե ինչպես էին փայլում այդ փոքրիկների աչքերը, ինքան երջանիկ էին նրանք, որ պարում էին: Ես շատ էի ուզում իմանալ, թե ում մոտ են պարում այդ աղջիկները, ու ինձ ծանոթացրին զարմանալի նուրբ, անչափ համեստ, բայց և խիստ լուսավոր կնոջ հետ: Նայելով նրա' ես մտածում էի, եթե պարարվեստում շատ լինեին այսպիսի ուսուցիչներ, քանի- քանի սքանչելի արտիստներ կստանային իրենց «ուղեգիրը» դեպի մեծ բեմ»:

Այս տարի նունպես «Տանց Օլիմպ» մրցույթում «Փոքիկ Նանեները» արժանացել են արծաթե մեդալի:

«Նանե»-ի պարացանկում ընդգրկված են հայկական ժողովրդական, դասական, նեոկլասիկ, աշխարհի ժողովուրդների պարեր, հայկական ժողովրդական պարի և ջազի սինթեզ, մոդեռն, ստեպ, ժամանակակից պարեր: ՈՒ չնայած բազմազանության, նրանց բեմադրությունները տարբեվում են:

Նարինե Տոպոլյանը կարևորում է հատկապես դասական պարը: Նրա խոսքով' քչերը կարող են դառնալ բալետի պարուհիներ, բայց դասական պարը գեղեցկացնում է մարմինը, կամզակերպում, դաստիարակում է անհատին: Երբեմն ծնողները կատակում են, որ «Նանեն» ոչ թե պարային համույթ է, այլ բանակ: Տարբեր երկրների ազգային պարերը սովորելուն զուգընթաց երեխաները նաև ծանոթանում են այդ երկրների պատմությանը, կուլտուրային, ազգային նկարագրին: Քանի որ, եթե պարում են ուկրաինական ժողովրդական պար, պետք է ներկայացնեն' ինչպես դա կանի ուկրաինացին և ոչ թե հայը:

Պարարվեստի զարգացման և երեխաների դաստիարակության գործում ունեցած վաստակի համար անցյալ տարի Նարինե Տոպոլյանն արժանացել է մշակույթի նախարարության ոսկե մեդալի: