Բեյրութ 2006

Այս տարի մեզ բախտ վիճակվեց երկրագնդի ողջ մարդկության կողմից ամենասիրված տոնը' Նոր Տարին դիմավորել Լիբանանում: Մենք հիացել էինք Բեյրութի բնակիչների' իրենց փոքրիկների նկատմամբ ունեցած վերաբերմունքից:

Սուրբ ծննդից ու Նոր Տարուց երեք շաբաթ առաջ քաղաքի բոլոր մարդաշատ վայրերում կազմակերպվել էին Նոր Տարվա ներկայացումներ, որոնք ուրախություն էին պատճառում, թե փոքրերին, թե մեծերին:

Մենք դարձանք այդ հեքիաթներից մեկի հերոսները ու աշխատում էինք համոզել չար թզուկ Կրուստին, որ Ձմեռ Պապի իրականում գոյություն ունի և, որ Նոր Տարին նրա համար էլ կդառնա ամենագեղեցիկ ու ամենահրաշալի տոնը, եթե ինքը հավատա հրաշքներին: Հետո մենք իմացանք, թե ինչու Կրուստը չի հավատում Ձմեռ Պապի գոյությանը: ՈՒղղակի նա իր կյանքում ոչ մի անգամ զարդարված տոնածառ չէր տեսել, ոչ ոք նրան չէր շնորհավորել, երջանկություն ու բարիք չէր ցանկացել, նվեր չէր տվել: Մենք խղճացինք խեղճ թզուկին ու հասկացանք, որ նա իսկի էլ չար չի:

Բեյրութում անցկացրած քսան օրերը րոպեի նման թռան: Ամիսներ առաջ ես Ջեիտա քարանձավում կոպեկ էի գցել ու ցանկացել, որ նորից վերադառնամ այս հրաշք քաղաքը, բայց արդեն իմ սաների հետ, որպեսզի նրանք էլ հիանան Բեյրութի հրաշք գեղեցկությամբ ու ողջ կյանքում հիշեն այն: Հիշեն մեր փորձերը Սիուար համալիրի տանիքին' / Սիուարում մենք ապրում էինք /, էքսկուրսիաները դեպի հնագույն քաղաք Բիբլոս, Ջեիտա քարանձավներ,որտեղ տեսածից շունչդ կտրվում է, Հարիսա լեռան վրա կանգնած, քաղաքին նայող ու նրա բնակիչներին աղետներից փրկող Տիրամոր չքնաղ արձանը, հանդիպում և հետաքրքիր զրույց Լիբանանում Հայաստանի դեսպան' Վահան Տեր -Ղևոնդյանի հետ: Հիշեն իրենց լիբանանցի և ուկրաինացի նոր բարեկամներին, մեր կյանքի մի մասնիկը դարձած բազմաթիվ ներկայացումները:

Մենք ուզում ենք նորից ու նորից շնորհակալություն հայտնել մեր սքանչելի հյուրախաղերը կազմակերպող' < KIDS IN MOTION > կազմակերպության ղեկավար, երիտասարդ, եռանդով լի արվեստագետ' Վալիդ Ջաբուռին, որն իր թիմով մեծ աշխատանք էր տարել, որպեսզի մեր երեխաներն իրենց զգան ինչպես իրենց տանը: Մենք ջերմությամբ ենք հիշում մեզ հետ անմիջականորեն աշխատող կոորդինատոր' Յուլիային, ճաշարանի վարիչներ' Էվային ու Վալիդին, վարորդ' Պշառային, մեր դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատող' Մուրադին, մենեջեր' Սևակին, դերասան' Սերյոժային, որը մեզ օգնության հասավ ու մեկ օրում բուժեց մեր աղջիկներից մեկի ցավեցրած ուսը, և իհյարկե, Վալիդ Ջաբուռի հայրիկին' Աբու Վալիդին, որը հարազատի պես էր վերաբերվում մեր երեխաներին:

Շնորհակալություն Ձեզ, ձեր ջերմ և ուշադիր վերաբերմունքի համար

: Մենք միշտ կհիշենք մեր հանդիսատեսի աչքերն ու ժպիտները: Կարծում ենք, որ մեծերն ավելի շատ էին ուրախանում նայելով մեր հեքիաթը, որովհետև վերապրում էին իրենց մանկությունը:

Բաժանվելը միշտ էլ դժվար է, բայց այս անգամ կրկնակի դժվար էր, որովհետև բոլորը հասցրել էին մտերմանալ, բարեկամանալ ու չէին ուզում հավատալ, որ հեքիաթը ավարտվել է:

ՈՒզում ենք հավատալ, որ այսուհետ ամեն տարի, երկրագնդի վրա կկրճատվի մեծերի մեղքով Նոր Տարվա ուրախությունը չիմացող, Ձմեռ Պապին նամակ չգրող, նվերներ չստացող փոքրիկների թիվը: Շատ ենք ուզում հավատալ դրան: Այդ դեպքում մեր հեքիաթը իսկապես երջանիկ վերջ կունենա:

Նարինե Տոպոլյան