Քուվեյթ 2007

Կարո՞ղ էինք արդյոք պատկերացնել, որ 2007 թվականը մեզ կնիվիրի ճանապարհորդություն դեպի հեքիաթային աշխարհ, անապատի ոսկեգույն ավազներով, Պարսից ծոցի փրփրուն ալիքներով, կեսօրի այրող արեգակով ու ցուրտ երեկոներով: Մենք դարձանք Արևելքի զարմանալի մշակույթի մի մասնիկը, մշակույթ, որն անհնար է հասկանալ մի քանի օրում, բայց մեծ երջանկություն է հենց նրա հետ շփվելը:

Մեր ճանապարհորդության նպատակը շատ «համեղ» էր: Մեր երեխաները հայտնվեցին մեծն Շոկոլադի երկրում - սև, սպիտակ, կաթնային, բազմագույն հրաշք երկրում: Այնտեղ ապրում էր Լեա անունով մի փոքրիկ աղջիկ, որը ցանկանում էր իր մայրիկի ծննդյան օրվա առթիվ ինչ - որ յուրահատուկ նվեր պատրաստել: Երազում Լեան ընկավ Շոկոլադի ֆաբրիկա, որտեղ բարի կախարդուհին, Չեվի և Չուպա կոնֆետները, Արջուկը, զինվոր Վուդին ու Բիմբո փղիկը սովորեցրին նրան շոկոլադ եփել: Նրանք շատ լավ ուսուցիչներ էին ու կարողացան համոզել Լեային, որ նպատակին հասնելու համար մարդ պետք է կարողանա հաղթահարել իր «չեմ ուզում», «չեմ կարող» կամակորությունները: Վերջում Լեան մայրիկին նվիրեց իր ձեռքով եփած շոկոլադի մի մեծ, համեղ սալիկ և բոլորը ուրախ էին, հատկապես մկնիկները, որոնք քեֆ էին անում իրենց բաժին հասած շոկոլադի փշուրներով:

Այս, ինչպես նաև ձեզ արդեն ծանոթ թզուկ Կրուստի, ծովահենների ու հեքիաթային ուրիշ շատ հերոսների մասին պատմությունները հնարել է Մարի - Քրիստի անունով գանգրահեր մի աղջիկ: Շնորհակալություն, մեր բարի հեքիաթասաց, այն բանի համար, որ այդքան սիրում ես փոքրիկներին ու գրում ես անչափ գեղեցիկ ու խելացի պատմություններ նրանց համար հասկանալի մանկական լեզվով:

Մարդը հարուստ է նախ և առաջ իր ընկերներով: Մենք հիմա մեծ սիրով ենք հիշում մեր ստեղծագործական թիմին' երիտասարդ, ուրախ, եռանդուն և միաժամանակ զարմանալի հոգատար, մեր բոլոր հոգսերը հոգացող Թոնի և Էնտոնի, Էլի........

Իսկ Վալիդ Ջաբուրը, որը չի դադարում զարմացնել մեզ իր ցնցող մտահղացումներով ու հատուկ խոհեմությամբ, արդեն դարձել է ոչ միայն մեր հյուրախաղերի կազմակերպիչը, այլև հավատարիմ ու լավ ընկերը: Մենք արդեն իրար հասկանում ենք անգամ առանց խոսքի: Չնայած իր երիտասարդ տարիքին, Վալիդը աշխատանքային հսկայական փորձ ունի: Նա իսկապես տաղանդավոր է և մենք սովորում ենք իրարից հաստատուն քայլերով հասնել դրված նպատակին ու երազել անհնարի մասին:

Գուցե սա միայն երազանք է, բայց շատ ենք ուզում մի օր նորից ոտք դնել այդ հրաշք երկրի հողի վրա ու լսել «Բարի գալուստ Քուվեյթ».......