ՓՈՔՐԻԿ «ՆԱՆԵՆԵՐԸ» ԲԵՌԼԻՆՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

«Նանե» պարային համույթը երիտասարդ կոլեկտիվ է եւ արդեն հասցրել է գրավել շատերի սրտերը իր պարացանկում ընդգրկելով հայկական ժողովրդական, դասական, նեոկլասիկ, աշխարհի ժողովուրդների պարեր եւ հայկական ժողովրդական պարի ու ջազի սինթեզ, մոդեռն, ստեպ (դոփապար), ժամանակակից պարեր: Նանեները բազմիցս հանդես են եկել ԱՄՆ-ում (Նյու Յորք, Դետրոյթ, Լոս Անջելես), ՌԴ-ում, Հոնկոնգում, Լիբանանում, Հնդկաստանում, Թուրքիայում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ այլուր:

2000 թվականից «Նանե» պարային համույթը եւ կից ստեղծված «Փոքրիկ Նանեներ» համույթը արժանացել են բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկրի ու լավագույն խումբ կոչման: Իսկ 2005-ին ՌԴ-ում ռուսաստանյան «Երկինքը պարում է» հեռակա տեսամրցույթին արժանացել է «Գրան պրի» մրցանակինՙ գրավել չորս առաջին տեղերը տարբեր անվանակարգերում: Ուշագրավ է, որ «Նանե» պարային համույթի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Նարինե Թոփալյանը 2008-ին ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացավ ոսկե մեդալիՙ հայ պարարվեստի զարգացման եւ երեխաների գեղագիտական դաստիարակման գործում ունեցած վաստակի համար:

Իսկ օրերս, «Փոքրիկ Նանեներ» պարային համույթը Բեռլինի «Տանց-օլիմպ» համաշխարհային պարային մրցույթից տուն վերադարձավ Բեռլինի խորհրդանիշ արջուկների ու արծաթե մեդալով, ու նրանց մեդալների, շքանշանների, պատվոգրերի թիվը հասավ 30-ի: Այս վերջին հաղթանակը նրանք նվիրում են իրենց խմբի լավագույն բարեկամ Գեւորգ Մհերյանի հիշատակին:

Երեկ ժուռնալիստների տանը «Փոքրիկ Նանեները» գարնանային ծաղիկներով էին եկել հանդիպելու լրագրողների հետ, որպեսզի նրանց հետ կիսեին իրենց այս դժվարին, բայց փայլուն հաղթանակի բերկրանքը, սակայն չգիտես ինչու լրատվամիջոցների ղեկավարներն ու լրագրողները այս փոքրիկներին խանդավառելու փոխարեն գերադասել էին ամեն օր եթերում ու նույն ակումբներում, նույն չարչրկված թեմաներից խոսողներին լուսաբանել: Նարինե Թոփալյանը պատմում էր, որ 25 երկրներից 600 պարային խմբեր են մասնակցել «Տանց-օլիմպ» մրցույթին, որում 10 փոքրիկ «Նանեները» ներկայացրել են հայկական ժողովրդական, էստրադային եւ ստեպ (դոփապար) պարեր ու միանգամից արժանացել խստապահանջ ժյուրիի բարձր գնահատականինՙ 10 բալ եւ դուրս եկել եզրափակիչ փուլ, իսկ հետո գրավելով 2-րդ պատվավոր տեղը, հանդես եկել գալա-համերգի ժամանակ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ