«Անմոռանալի երեկո», Աննա Շմավոնյան

«Պարն է արտահայտում յուրաքանչյուր
ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու
քաղաքականության աստիճանը:»

Կոմիտաս

Դահլիճը թնդում էր հոտնկայս ծափողջույններից...

Մթնոլորտը շիկացած էր դրական լիցքերով....

Ամենուրեք ճառագում էին զարմանքով, հպարտությամբ ու մեծ բավականությամբ ողողված աչքեր...

Ովքե՟ր են այս հրաշք աղջիկները: Միթե՟ այս փոքրիկ Հայաստանը նման զարգացած պարարվեստ ունի: Հարց էին տալիս իրենք իրենց քուվեյթցիները զարմացած:

Օօօ՛օ՛, ինչ ուրախ եմ ու հպարտ, որ հայրենիքս նման արվեստ ներկայացրեց հեռավոր Քուվեյթի մեջ: Մեծ հպարտությամբ կրկնում էին սրահի հայերը:

Այսպիսին էր այդ անմոռանալի երեկոյի ավարտը...

Քուվեյթի մշակութային կյանքը եռուզեռ էր ապրում: Քուրեյն(Qurain) անվամբ ամենամյա փառատոնին, որի բուն նպատակն էր ազգերի մշակութային մերձեցում, ընդգրկվել էին տարբեր երկիրներից տարբեր մշակութային խմբեր, որոնցից յուրաքանչյուրը պիտի ներկայացներ ու ծանոթացներ իրենց երկրի մշակույթը: Այդ երկրների մեջ ընդգրկված էր նաեւ Հայաստանը: Հայաստանին առիթ էր ընծայված ՙՆանե՚ պարախմբի միջոցով ներկայացնել հայ պարարվեստը, որը ընդամենը հայկական պարերից փրցված մի գեղեցիկ պատառիկ էր:

Ելույթը կայացավ 2011թվականի հունվար 15-ին, ժամը 7:30-ին, Ալ Դասմե սրահի մեջ Քուվեյթի մշակույթի, արվեստների եւ գրականության Ազգային խորհրդի ներկայացուցիչ տիար Բադր Սայիդ Ապտ Ալվահապի հովանավորությամբ եւ Հայաստանի հյուպատոս տիար Արմեն Սարգսյանի ներկայությամբ:

Դահլիճը լեփ լեցուն էր: Ներկայությունը բազմազան էր' հայեր, արաբներ, եւրոպացիներ: Ժողովուրդը մեծ սպասումով էր: Ի՟նչ կարող է ներկայացնել միայն փխրուն աղջիկներից կազմված պարախումբը:

Սակայն կասկածները անմիջապես չքացան, երբ բեմ մուտք գործեց փոքրիկ Սոնան իր զգացմունքային ու հեզաճկուն պարով: Ցնցող էր, ամբողջ մարմնովս սարսուռ անցավ: Այսքան կյանք, այսքան հոգի, այսքան սեր ինչպե՟ս կարող էր համատեղվել այս էակի մեջ... Հետո հասկացա, երբ դիտեցի ամբողջ ներկայացումը. դա Հայաստանն էր, որ իր հրաշագործ բնությամբ խտացած էր մեր գեղանի աղջիկների մեջ: Եվ նրանք' թե° մեծ եւ թե° փոքր պարուհիները, ջանք չէին խնայում ելույթի ողջ ընթացքին ներկաներին վարակել նույն շնչով ու նույն կրակով, որ հորդում էր բեմից: Ամեն ինչ շլացուցիչ էր' ե°ւ գույները, ե°ւ ճաշակով ընտրված երաժշտությունը, ե°ւ բարձր կատարողականությամբ օժտված պարուհիները, ե°ւ թե հետաքրքիր լուծումներով բեմադրությունը: Մանրամասնեմ. գույներ, այսինքն իրենց պարզության մեջ գեղեցիկ, մոդեռն եւ միաժամանակ ազգային մոտիվներ պարունակող հագուստներ: Ճաշակով երաժշտություն, այսինքն բարձրորակ պարային մեղեդիներ, որը նաեւ տեսակավոր էր, ընդգրկում էր ժողովրդական, գուսանական, աշուղական երաժշտական գոհարներ ժամանակակից գործիքավորմամբ: Բարձր կատարողականությամբ պարուհիներ, այսինքն շատ փոքր տարիքից մասնագիտական հիմքերով մարզված սլացիկ, ճկուն մարմիններով, բազմիմաստ դիմախաղերով, արտահայտիչ ձեռքերով օժտված աղջիկներ: Հետաքրքիր լուծումներով բեմադրություն, այսինքն դասականացված(ballet show) ժողովրդական ու ժամանակակից(մոդեռն) պարեր, որոնք շատ ներդաշնակորեն միահյուսված էին ու մի ամբողջ ժողովրդի պատմություն բեմականացրած: Երկու տարբեր ոճերի համադրումով, պարերի բազմազանությամբ, արագությամբ ու շարժունակությամբ, անկաշկանդ ու ազատ իմպրովիզացիայով, կրտսերների պարերի ընդմեջից բխող ավագների պարով(որը սերունդների հերթագայումն է), բուռն խառնվածքային կառուցվածքով ու հրապուրիչ պատկերավոր գունագեղությամբ եւ դինամիկայով մեկժամյա ներկայացման ընթացքին աղջիկներին հաջողվեց ներկաներիս իրենց հետ հասցնել Հայաստան, բարձրացնել լեռները, ծանոթացնել պատմությունը, առիթ տվեց տառապել հայ ժողովրդի վշտով, ցնծալ նրա ուրախությամբ, ճախրել հայկական երկնքով իր արծիվների նման եւ սավառնել մինչեւ տիեզերք...

Վերջին պարն էր: Արա Գեւորգյանի զգայացունց երաժշտության ներքո մեծ ու փոքր խմբերի համատեղ պարով ելոյթը գագաթնակետին հասավ եւ բազմաթիվ բրավոների ու պայթող ծափերի տակ ՙՆանե՚ պարախումբը ավարտեց բացառապես իրեն վերապահված անմոռանալի երեկոն...

Հավատարիմ երկրպագու`
Աննա Շմավոնյան