Նարինե ՏՈՊՈԼՅԱՆ. Ցանկացած երեխայի հնարավոր է լավ պարող դարձնել

2007 թ. Երևանում ելույթ էր ունենում ստեպի և բրոդվեյական պարաոճի վարպետներից մեկի' Թոնի Վագի ամերիկյան պարախումբը: Այդ խմբի պարողները Բորդվեյում բազմիցս մասնակցել են Sophisticated Ladies և Fosse դասական մյուզիքլների բեմադրություններին: Ելույթը շատ լավ անցավ, դահլիճը ոգևորված ծափահարում էր արտասահմանցի պարողներին, բայց երբ որպես համերգի հատուկ հյուր բեմ դուրս եկան մեր «Նանե» պարային խմբի մասնակիցները' բոլորը, այդ թվում ամերիկացի աստղերը, հասկացան, որ ամերիկյան իսկական ստեպ կարողանում են պարել ոչ միայն ամերիկացիները: Անկեղծ ասած' այդ ժամանակ ես էլ նայեցի, հիացա, զարմացա և... մոռացա: Բայց վերջերս Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մանկական Եվրատեսիլի բացման արարողությանը տեսնելով այդ պարի' իռլանդական ջիգիի և հայկական ֆոլքլորի (երբ ստեպը պարում են դհոլի նվագակցությամբ) բեմադրությունը՝ «Փոքրիկ Նանեներ» խմբի պարուհիների կատարմամբ, չդիմացա և որոշեցի ծանոթանալ նրանց հետ: Եվ ահա մենք նստած ենք այդ պարախմբի և ստուդիայի հիմնադիր-ղեկավար Նարինե Տոպոլյանի հետ և զրուցում ենք:

Նարինեն ծնվել է Սուխումում: Հենց այնտեղ էլ երաժշտական ուսումնարանում պարել է սովորել: 1992 թ. տեղափոխվել է Երևան, որտեղ գերազանց առաջադիմությամբ ավարտել է վարժարանը, ապա ընդունվել ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետ: Մասնակցել է ուսանողական մշակութային կյանքին, նույնիսկ փառատոնում հաղթել, իսկ ավելի ուշ պարի ստուդիա է բացել համալսարանի դասախոսների երեխաների համար: Որպեսզի ընթերցողը տպավորություն չստանա, թե աղջիկը հենց միայն պարելով էր զբաղվում՝ ամբողջովին աչքաթող անելով բուհական ուսումը, նշեմ, որ նա Սանկտ Պետերբուրգում իրավունք առարկայի մրցույթում ԵՊՀ թիմի կազմում երկրորդ տեղն է զբաղեցրել: Նա շատ լավ իրավաբան կդառնար: Բայց 1995 թ. ստեղծեց «Նանե» պարային եռյակը և...

- Այն, որ դու մանկուց սիրել ես պարել և բոլոր հարմար առիթներով պարել ես, արդեն հասկանալի է: Իսկ ինչպե՞ս է սկսվել քո ստեղծագործական' «պաշտոնական» առաջընթացը:

- Երբ իմ երկու համախոհ ընկերուհիների' Արևիկի ու Ասյայի հետ (ով այդ ժամանակ 13 տարեկան էր, իսկ հիմա ոչ միայն Նարինեի ընկերուհին է և անսամբլի մենակատարը, այլև մանկավարժ– Ս.Ա) պարային եռյակ ստեղծեցինք: Երգի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը մեզ աջակցեց: Երեք տարի մենք ելույթ ունեցանք Երգի թատրոնի հովանավորությամբ' այնտեղ կազմակերպվող բոլոր շոու ծրագրերում և համերգներում: Աշխատանքային փորձը, որ ես ստացա Երգի թատրոնում, ինձ համար անգնահատելի է: Արթուր Գրիգորյանը մեզ սովորեցրեց ճիշտ աշխատել: Մեկ տարի անց մենք մեր անսամբլին կից ստեղծեցինք մանկական պարային ստուդիա: Եվ այդ երկու խմբերով' «Նանե» և «Փոքրիկ Նանեներ» անսամբլների լավագույն սաներով մենք հյուրախաղերի մեկնեցինք Հայաստանի տարբեր քաղաքներ, Ղարաբաղ, նաև Լիբանան, Հնդկաստան, Հոնկոնգ, ԱՄՆ, Քուվեյթ, Գերմանիա, Ավստրիա, Հունգարիա, Սլովակիա, ԱՊՀ երկրներ...

Նարինեն զարմանալի մարդ է' շատ անկեղծ ու շատ համեստ, ասես ամաչում է պատմել իր հաջողությունների մասին: Իսկ այդ հաջողություններն իսկապես տպավորիչ են' Նարինե Տոպոլյանի խմբերը տարբեր մրցույթներում միշտ առաջին տեղեր են զբաղեցրել, բարձր մրցանակների արժանացել: Առաջին մրցանակ՝ Մանգասարյանի անվան մրցույթում, Մոսկվայում' «Պարային Կլոնդայք» նախագծի շրջանակներում Կոմիտասի երաժշտության հիման վրա ստեղծված «Ծիտիկներ» բեմադրությունը հաղթեց «Վերջին 5 տարիների լավագույն բեմադրություն» անվանակարգում, Ope Dace միջազգային և «Ռուսաստանի տաղանդների միության» պարի մրցույթներում արժանացան Գլխավոր մրցանակի, երկու ոսկե մեդալի՝ «Պարային Օլիմպոս» բալետի միջազգային մրցույթում, և «Լավագույն պարուսույց» մրցանակին՝ «Նոր շունչ» մրցույթում...

Նարինե Տոպոլյանի բեմադրություններն ընդգրկվել են նաև Հայաստանի պարի պետական անսամբլի պարացանկում: Նա շնորհակալական պատվոգիր է ստացել ՀՀ վարչապետից' երիտասարդության շրջանում պարարվեստի զարգացման և տարածման համար և Ոսկե մեդալ' Հայաստանի մշակույթի նախարարությունից: Իսկ անցած տարի հանրապետության նախագահի հրամանով Նարինե Տոպոլյանը պարգևատրվեց Մովսես Խորենացու շքանշանով:

- Երեխաների հետ աշխատանքը հաճելի՞ է:

- Շատ: Ես շատ եմ սիրում երեխաներին և սիրում եմ նրանց հետ աշխատել:

- Իսկ հնարավո՞ր է ցանկացած երեխայի լավ պարող դարձնել:

- Կարելի է ասել' այո: Ընդհանրապես մենք մեր սաներին ոչ միայն պարել ենք սովորեցնում, այլև դաստիարակում ենք, անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանք լավ մարդիկ դառնան: Ինձ թվում է՝ սա է ամենակարևորը:

- Կպատմե՞ս ձեր կազմակերպած «Դու մենակ չես» շարժման մասին:

- Այդ մտահղացումը ծնվեց, երբ իմացանք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական բաժանմունքում մեր երեխաների բուժման համար բավարար պայմաններ չկան: Մենք մեր սաներին ասացինք, որ պետք է մի քանի բարեգործական համերգ տանք, որպեսզի որոշակի միջոցներ հավաքենք հիվանդ երեխաների համար կահույք ու խաղալիքներ գնելու նպատակով: Մեր բոլոր սաները համերգներին այնպիսի ոգևորությամբ էին աշխատում, որ ես նույնիսկ զարմացա: Նրանք գիտեին, որ դա իրենց հիվանդ հասակակիցների համար է, ուրեմն պետք է անել: Մեր հավաքած գումարով հաջողվեց մի քանի հիվանդասենյակ կահավորել, երեխաների համար խաղալիքներ գնել... Մենք առհասարակ շատ հաճախ ենք անվճար ելույթ ունենում: Իսկ եթե հաջողվում է որևէ գումար վաստակել, հիմնականում այն գործածվում է ընդհանուր կարիքների համար: Չէ՞ որ «Նանե» անսամբլի բոլոր բեմական հագուստներն ինքներս ենք կարում, մեր դրամով, մնացած ծախսերն էլ ենք մենք անում:

Մի քանի տարի առաջ Բեռլինի մանկական պարային փառատոնում Նարինե Տոպոլյանի սաների ելույթը դիտեց հանրահայտ պարող, Մեծ թատրոնի աստղ Վլադիմիր Վասիլևը: Նա փառատոնի հանձնաժողովի նախագահն էր: Վասիլևը ապշած էր երիտասարդ հայ պարողների վարպետությամբ, ովքեր ըստ արժանվույն ստացան փառատոնի բարձրագույն պարգևները: Վասիլևը չկարողացավ զսպել իրեն և հայ պարուսույց Նարինե Տոպոլյանի աշխատանքի հանդեպ իր հիացմունքն արտահայտեց ՀՀ մշակույթի նախարարին ուղղված պաշտոնական նամակում: Այդ օրվանից Նարինեն և Վլադիմիր Վասիլևը լավ ընկերներ են: «Վասիլևը շատ անմիջական և անկեղծ մարդ է, մենք հաճախ միմյանց նամակներ ենք գրում: Եվ նա շատ ջերմորեն է վերաբերվում հայ երեխաներին»,- պատմեց Նարինեն: