Գեղարվեստական ղեկավար' Նարինե Տոպոլյան

Փորձավար' Ասյա Մխիթարյան

Տնօրեն' Անահիտ Բաբայան

«Նանե» պարային համույթը երիտասարդ կոլեկտիվ է: Այն ստեղծվել է 1997թ., սկզբում որպես եռյակ, որի պարացանկում ընդգրկված էին հիմնականում աշխարհի ժողովուրդների պարերը: Այսօր արդեն, երկար, համառ աշխատանքի արդյունքում ստեղծվել է ինքնուրույն ոճ ու որակ ունեցող անսամբլ:

Անսամբլի պարացանկը բազմազան է' hայկական ժողովրդական, դասական, նեոկլասիկ, աշխարհի ժողովուրդների պարեր, հայկական ժողովրդական պարի և ջազի սինթեզ, մոդեռն, ստեպ, ժամանակակից պարեր:

Արդեն ութ տարի «Նանե» խմբին կից գործում է «Փոքրիկ Նանեներ» պարային անսամբլը, որը իր ստեղծման առաջին իսկ օրից զարմացնում է հանդիսատեսին իր վարպետությամբ:

«Նանե»-ն և «Փոքրիկ Նանեներ»-ը հանդես են գալիս Հայաստանի պրոֆեսիոնալ բեմերում և նրանց համերգային գրաֆիկը այսօր բավականին ծանրաբեռնված է, իսկ ետևում հարյուրավոր համերգներ են' կառավարական, բարեգործական, համերգներ զորամասերում, նկարահանումներ, ռադիո - հեռուստաեթերներ, անդրադարձ մամուլում, մասնակցություն փառատոների: Սա է «Նանե»-ի այսօրվա կյանքը:

«Նանե» պարային անսամբլը հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանի դաշնությունում, Հոնգկոնգում, Լիբանանում, Հնդկաստանում, Աբխազիայում, Թուրքիայում, Քուվեյթում, Միացյալ Արաբական Էմիրատներում:

«Փոքրիկ Նանեներ» անսամբլի տաղանդավոր սաները բազմիցս մասնակցել են հանրապետական և միջազգային մրցույթների' Գերմանիայում, Ռուսաստանում, Ավստրիայում, Հունգարիայում, Սլովակիայում, որտեղից միշտ վերադարձել են առաջին և «Գրան Պրի» մրցանակներով:

«Նանե»-ն «Լավագույն պարային կոլեկտիվ» մրցանակի է արժանացել ռուսաստանյան «Պարային կլոնդայկ» նախագծի շրջանակներում 2005 և 2006թ-ին, դարձել է ռուսաստանյան «Երկինքը պարում է» հեռակա տեսամրցույթի «Գրան Պրի» և չորս առաջին տեղերի մրցանակակկիր, Հենրի Մանգասարյանի անվան մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, իսկ 2006 թ. Ն.Տոպոլյանի բեմադրած «Կաքավիկ» պարը (երաժշտությունը' Կոմիտասի)«Պարային Կլոնդայկ» նախագծի շրջանակներում ( Մոսկվա, Ռուսաստան) ընդունվել է որպես «Վերջին հինգ տարիների լավագույն բեմադրություն»:

Անսամբլի գեղարվեստական ղեկավար Նարինե Տոպոլյանը Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած <> մրցույթի «Գրան Պրի»-ի մրցանակակիր է: Հանրապետական «Նոր շունչ» մրցույթում արժանացել է Հովհաննես Դիվանյանի անվան մրցանակին, իսկ 2008 թ.' «Լավագույն բեմադրիչ» մրցանակին, 2007թ. իրագործել է «Երազանք» երգի բեմադրությունը «Արևիկ» խմբի' «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում մասնակցելու համար: «Շանթ» հեռուսաընկերության «Աստղիկ» մանկական երգի մրցույթի խորեոգրաֆն է:

2006 թ. երիտասարդության շրջանում պարարվեստի զարգացման համար արժանացել է ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհակալագրին և հուշանվերի, իսկ 2008 - ին պարգեվատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով պարարվեստի զարգացման և երեխաների և պատանիների դաստիարակման գործում ունեցած մեծ ավանդի համար:

ՀՀ Մշակույթի նախարարության առաջարկով անսամբլի 7-ամյա սան Անի Կոստանյանը մասնակցեծ «Մենք միասին ենք, մենք ընտանիք ենք» խորագրով <> միջազգային փառատոնին: (www.openworld.eu.com ) Փետրվարի 17-ից 22-ը Բեռլինում կայացած «Տանցօլիմպ» համաշխարհային պարային մրցույթից « Նանե» պարային անսամբլը վերադարձել է արծաթե մեդալով: Մրցույթին մասնակցել են անսամբլի 7-ից - 14 տարեկան 10 անդամներ: Մրցույթի ժյուրիի կազմում էին պարարվեստի անվանի գործիչներ, իսկ նախագահը' բալետի լեգենդ Վլադիմիր Վասիլյեվն էր: Մրցույթին մասնակցում էր 600 պարող 25 երկրներից' Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կորեայից, Գերմանիայից, Թայլանդից, Ճապոնիայից, Ֆինլյանդիայից, Ղազախստանից, Լատվիայից և այլն: