nane

«Նանե» պարային ստուդիա

    2023 թ.-ին լրացավ “Նանե” անսամբլին կից մանկական պարային ստուդիայի ստեղծման 23-ամյակը: Ստուդիայում սովորում է սաների արդեն չորրորդ սերունդը: Նրանք, ստանալով գիտելիքներ դասական, ժողովրդական, ժամանակակից, ստեպ պարաոճերում, ավարտում են ուսումը 16 տարեկանում: Պարարվեստի ոլորտում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողները շարունակում են ուսումը ԲՈՒՀ-երում:

       “Նանե”-ի սաները մասնակցում են հանրապետական և միջազգային պարային մրցույթների և  փառատոների, կառավարական և բարեգործական համերգների: Ռուսաստան, Գերմանիա, Հնդկաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հոնկոնգ, Ավստրիա, Հունգարիա, Սլովակիա, Լիբանան, Միացյալ Արաբական Էմիրություններ, Վրաստան, Աբխազիա, Ուկրաինա, Արցախ – այսպիսին է անսամբլի շրջագայությունների աշխարհագրությունը:

            “Նանե” պարային ստուդիայում աշխատում են արհեստավարժ մանկավարժներ, ովքեր նախկինում եղել են ստուդիայի սաներ, և ստանալով բարձրագույն կրթություն, այսօր կրթում են ստուդիայի նոր սերնդին:

             “Նանե”-ի ստեղծագործական կոլեկտիվը հավատացած է, որ մարդասիրությունը և բարի կամքը  պետք է զբաղեցնեն կարևորագույն տեղ յուրաքանչյուրի կյանքում: Այդ պատճառով, “Նանե”-ի կյանքում մեծ նշանակություն ունեն  սոցիալական ծրագրերը, որոնցից ամենահիշարժանը “Դու մենակ չես” բարեգործական ակցիան էր, որի շրջանակներում 2009-2010 թթ. կայացան  “ Նանե”-ի  8 մենահամերգներ, որոնց շնորհիվ առաջացած հասույթով կահավորվեցին Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի հիվանդասենյակները և խաղասրահը:

       “Նանե” պարային ստուդիան մշտապես մասնակցում է  ՀՀ Մշակույթի նախարարության, Առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվող միջոցառումներին: “Նանե”-ի երկարամյա գործունեությունը ներառում է ելույթներ տուն-ինտերնատներում, Արյունաբանական կենտրոնում, համագործակցություն Ռ. Բիկովի անվան մանկա-պատանեկան ֆիլմերի փառատոնի, Հայաստանի ուսանողական ջոկատների հետ, համագործակցություն Խնկո Ապոր գրադարանի, “World Vision Armenia”, “Հայ կանանց միջազգային միություն” կազմակերպությունների, Հայաստանում ՌԴ ֆեդերատիվ անվտանգության ծառայության սահմանապահ վարչության, Երևանի պետական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի, Հայ պարարվեստի գործիչների միության, “Աուտիզմ” ազգային հիմնադրամի և այլ կազմակերպությունների հետ: Նշենք, որ 2003 թվականին Հ. Պարոնյանի անվան թատրոնում անցկացվեց երեխաների իրավունքներին նվիրված “Նանե” պարային ստուդիայի “Արևին ընդառաջ” մենահամերգը, որն անցկացվեց UNICEF-ի հովանու ներքո:

     “Նանե” պարային ստուդիայի գլխավոր խորեոգրաֆը Նարինե Տոպոլյանն է, ով բեմադրել է հարյուրից ավել հայկական և աշխարհի ժողովուրդների, ժամանակակից, մանկական և ստեպ ոճերի պարեր, ինչպես նաև եղել է  Ռուբեն Հախվերդյանի “0-ից 100 տարեկան” մյուզիքլի և  “Շանթ” հեռուստատեսության “Աստղիկներ” նախագծի խորեոգրաֆը: Բեմադրել է “Շուշանիկ”, “Էրվում եմ, էրվում” , “Երբ սիրտն է խոսում”, “Ընկերության կախարդական ուժը” պարային ներկայացումները: