nane

«Նանե» պարային անսամբլ

Գեղարվեստական ղեկավար՝ Մովսես Խորենացու անվան շքանշանակիր, Հայաստանի Մշակույթի Նախարարության Ոսկե մեդալակիր, միջագային և հանրապետական մրցույթների դափնեկիր Նարինե Տոպոլյան:

Փորձավար՝ Հայաստանի Մշակույթի Նախարարության Ոսկե մեդալակիր, միջագային և հանրապետական մրցույթների դափնեկիր Ասյա Անտոնյան:

Տնօրեն՝ Հայաստանի Մշակույթի Նախարարության Ոսկե մեդալակիր Անահիտ Բաբայան:

  “ Նանե ” պարային համույթը ստեղծվել է 1995թ., սկզբում որպես եռյակ, որի պարացանկում ընդգրկված էին հիմնականում աշխարհի ժողովուրդների պարերը: Այսօր արդեն, երկար, համառ աշխատանքի արդյունքում ստեղծվել է ինքնուրույն ոճ ու որակ ունեցող անսամբլ:

Անսամբլի պարացանկը բազմազան է` hայկական ժողովրդական, դասական, նեոկլասիկ, աշխարհի ժողովուրդների պարեր, հայկական ժողովրդական պարի և ջազի սինթեզ, մոդեռն, ստեպ, ժամանակակից պարեր:

2020 թ.-ին լրացավ “Նանե” անսամբլին կից մանկական պարային ստուդիայի ստեղծման քսանամյակը: Ստուդիայում սովորում է սաների արդեն չորրորդ սերունդը:
   “Նանե ”-ն և “ Փոքրիկ Նանեներ ”-ը հանդես են գալիս Հայաստանի պրոֆեսիոնալ բեմերում և նրանց համերգային գրաֆիկը այսօր բավականին ծանրաբեռնված է, իսկ ետևում հարյուրավոր համերգներ են` կառավարական, բարեգործական, համերգներ զորամասերում, նկարահանումներ, ռադիո – հեռուստաեթերներ, անդրադարձ մամուլում, մասնակցություն փառատոների: Սա է “Նանե”-ի այսօրվա կյանքը:

“Նանե ” պարային անսամբլը հանդես է եկել ԱՄՆ-ում` Նյու–Յորքում, Դետրոյթում , Լոս — Անջելեսում, Ռուսաստանի Դաշնությունում, Հոնգկոնգում, Լիբանանում, Հնդկաստանում, Թուրքիայում, Քուվեյթում, Միացյալ Արաբական Էմիրատներում, Սիրիայում:

“Նանե” պարային անսամբլի գլխավոր խորեոգրաֆը Նարինե Տոպոլյանն է, ով բեմադրել է հարյուրից ավել պարեր: Բեմադրել է “Շուշանիկ”, “Էրվում եմ, էրվում”, “Երբ սիրտն է խոսում”, “Ընկերության կախարդական ուժը” պարային ներկայացումները:

«Նանե» պարային անսամբլը հանդիսանում է «2004 և 2005 թ․ լավագույն պարային կոլեկտիվ» ոուսաստանյան «Պարային կլոնդայկ» նախագծի շրջանակներում։ Նարինե Տոպոլյանի «Կաքավիկ» բեմադրությունը (երաժշտությունը’ Կոմիտասի) ճանաչվել է լավագույններից լավագույնը վերջին 5 տարիների ընթացքում նույն նախագծի շրջանակներում։

«Նանե» պարային անսամբլը հանդիսանում է ռուսաստանյան «Երկինքը պարում է» հեռակա տեսամրցույթի «ԳրանՊրի»-ի և չորս առաջին տեղի մրցանակակիր, ամերիկյան «ՆԿ ԱՐՏՍ» ընկերության մրցույթի հաղթող, Սանտ-Պետերբուրգյան «Դանս Օուպն» առաջին միջազգային մրցույթի «Գրան-Պրի»-ի մրցանակակիր, Հենրի Մանգասարյանի «Երգի և Պարի» և Վանուշ Խանամիրյանի «Ազգային պարի» մրցույթների հաղթող։

  “Նանե”-ի կյանքում մեծ նշանակություն ունեն սոցիալական ծրագրերը, որոնցից ամենահիշարժանը “Դու մենակ չես” բարեգործական ակցիան էր, որի շրջանակներում 2009-2010 թթ. կայացան “ Նանե”-ի 8 մենահամերգներ, որոնց շնորհիվ առաջացած հասույթով կահավորվեցին Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի հիվանդասենյակները և խաղասրահը: