«Նանե» պարային ստուդիայի 30 սաներ և «Երկու սերունդ» երգի և ժողովրդական գործիքների համույթը մասնակցեցին «Նռնենի» սոցիալական կենտրոնում կազմակերպված ամանորյա համերգին, որտեղ հանդիսատեսը ավագ սերնդի մեր սիրելի ներկայացուցիչներն էին` մեր սաների տատիկ-պապիկների հասակակիցները: Դահլիճում տիրում էր սիրո ու բարության յուրահատուկ մթնոլորտ։ Այն, թե ինչպես մեծահասակներն ընդունեցին մեր սաների ելույթը ևս մեկ անգամ ապացուցեց, որ, իրոք, ուրիշի երեխաներ չկան. նրանց հայացքները լի էին սիրով, նրանց սրտերը՝ ջերմությամբ: Դե, աղջիկներն ամեն ինչ արեցին հանուն սիրելի հանդիսատեսի։ Համերգի ավարտին տատիկներն ու պապիկներն երեխաների հետ զարդարեցին տոնածառը և մեր աղջիկներին նվիրեցին իրենց իսկ ձեռքով պատրաստված բրոշներ և տիկնիկներ:
«Նանե» պարային ստուդիայի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում «Նռնենի» սոցիալական կենտրոնի ղեկավարությանը և համերգի նախաձեռնող աշխատակցուհի Նարինե Չախոյանին՝ սերնդների կապը պահպանելու և մեր երախտապարտ հանդիսատեսին ուրախություն պարգեւելու հնարավորության համար։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի ծրագրերի բաժնի ղեկավար Աննա Շիրոյանին, ով իր ներկայությամբ պատվեց մեր համերգը և հաջողություն մաղթեց համերգի մասնակիցներին և հանդիսատեսին: